Փոքր Գոնդուրա - Սրբոց Ղևոնդյանց եկեղեցի
Սրբոց Ղևոնդյանց եկեղեցի. Սկսած 1850-ականներից՝ տարբեր վավերագրերում բազմիցս հիշվում է Փոքր Գոնդուրա գյուղի Սբ. Գևորգ եկեղեցի անունով, որը սկսած 1869-ից՝ վերանվանվել է Սրբոց Ղևոնդյանց: Հասկանալի է, որ 1868-69 թթ. Եկեղեցին նորոգվել է և այդ առթիվ վերստին օծվելով՝ անվանափոխվել է:
Արևմտյան ճակտոնի գագաթին սրածայր վեղարով ավարտվող քառասյուն զանգակատնով եկեղեցին կառուցված է սրբատաշ (արևմտյան ճակատը) և անմշակ քարով (մնացած երեք ճակատները), կրաշաղախով:
Սրբոց Ղևոնդյանց եկեղեցին վերստին վերանորոգման է ենթարկվել ծնունդով գոնդուրացի, այժմ հայաստանաբնակ Տաճատ Վարդապետյանի բարերարությամբ և տեղի բնակչության միջոցներով: 2019 թվականին եկեղեցին վերաօծվել է Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ: