ՄԵՐԵՆԻԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Մերենիան Ախալքալաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող հայաբնակ գյուղ է: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին[1]: Սուրբ Աստվածածին եկեղեցու անունն առկա է 1839-1840 թթ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Դպիրներ են հիշատակվում Հակոբ Սարգսյանը, Խաչատուր Հովհաննիսյանը, Գալուստ Մակարյանը[2]: 1866 թվականի դրությամբ այն դեռևս փայտաշեն էր[3], արդեն 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ին, ինչպես Ախալքալաքի մի շարք գյուղերի եկեղեցիները, այնպես էլ Սբ. Աստվածածինը փլվում է երկրաշարժից, բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է[5]:
Ճարտարապետություն. Մերենիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է միանավ դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16 х 11 մ: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում արված է միատող հայերեն արձանագրություն: Զանգակատունը կառուցված է մուտքի վերևում: Տանիքը երեսապատված է թիթեղով: Պատերը սվաղած և ներկած են սպիտակ ներկով: Շինության արևելյան մասում է գտնվում խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:
Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Հովակիմ քհն. Բաղդասարյանը[7], Իսահակ քհն. Ասլանյանցը[8]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:
Դպրոց. Եկեղեցու գավթում է գտնվել քարուկրից շինված եկեղեցա-ծխական դպրոցը, որտեղ սովորեցրել են մասնավոր ընթերացանություն[9]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1863 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականին ունեցել է 43 սովորող, 1 ուսուցիչ[10]: Ուսուցիչներից հիշատակվում է Հարություն Ասլանյանցը[11]:
Եկեղեցու վերաօծում. 2010 թվականին գյուղացիների նախաձեռնությամբ քանդվում են խորհրդային տարիներին պահեստի վերածված Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում գտնվող փայտյա երկհարկանի ամբարները, և սկսվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները: 2013 թվականի ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի և տեղի հոգևոր դասի, վերաօծվում է Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները: Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է նախկին մերենիացիների (Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Փոչիկյանի) բարերարությամբ[12]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 393:
[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50 և շրջ.:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:
[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:
[5] Ս. Կարապետյան, Ջավախք, նույն տեղում:
[6] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3985, թ. 2:
[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3969, թ. 2; գ. 3974, թ. 2; գ. 3999, թ. 2:
[9] «Արձագանք», նույն տեղում:
[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:
[11] Ս. Կարապետյան, նույն տեղում:
[12] http://hetq.am/arm/news/25211/veraotsvec-javakhqi-merenia-gyuxi-surb-astvatsatsin-ekexecin.html.
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան: