ԴԱՄԱԼԱ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:
Դամալա գյուղը Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանի ամենամեծ գյուղն է: Բնակիչների նախնիները 1829-1830-ական թվականներին գաղթել են Էրզրումի նահանգից:
Եկեղեցու հիմնադրում. Ասպինձա շրջկենտրոնից 3 կմ արևելք գտնվող Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը: Եկեղեցու անունն առկա է թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրում[1]: Եկեղեցին վերանորոգման է ենթարկվել 1843 թվականին[2]: 1866 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: 1873 թվականի հիմնովին վերակառուցումից հետո այն հիշատակվում է որպես 30 ոտնաչափ երկարությամբ քարաշեն կառույց[4]: 1905 թվականի դրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին ունեցել է 791 ռ. 88 կ. արծաթով կապիտալ, ինչպես նաև մեկ տուն[5]:
Սուրբ Խաչ եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ բացի քառակող կոթող պատվանդաններից, պահպանվել են նաև ուշ միջնադարյան տապանաքարեր:
Գյուղի մոտակայքում X-XI դարերի Վանք անունով սրբատեղի կա[6]:
Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին բազիլիկ տիպի եկեղեցի է: Արտաքին չափսերն են 16,80×10,55 մ[7]: Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է: Տանիքի արևմտյան մասում կա 4 սյունի վրա կառուցված փոքրիկ զանգակատուն[8]:
Ծխատեր քահանաներ. Վրաստանի և Իմերեթի թեմի հոգևորականների 1839-1840 թվականների տեղեկագրում Սուրբ Խաչ եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր Պետրոս Տեր-Աստվածատուրյանը, դպիրներ` Վարդան և Հակոբ Տեր-Պետրոսյանները[9]:
Դպրոց. Դամալա գյուղի եկեղեցական-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի դպրոցների 1865 թվականի տեղեկագրում[10]: 19-րդ դարի հետագա տասնամյակներում դպրոցը փակվել և նորից բացվել է: 1915 թվականին եղել է միդասյա, որը պահվել է Կովկասյան բարեգործական ընկերության տրամադրած նպաստի հաշվին[11]:
Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային շրջանում. 1920-ական թվականներին եկեղեցին փակվել է, իսկ քահանան աքսորվել: Որոշ ժամանակ եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ քայքայվել և փլվել է փայտաշեն տանիքը[12]:
Եկեղեցու վերաօծումը. 2004 թվականի դրությամբ, Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում էր կիսախարխուլ վիճակում, գրեթե ամբողջությամբ փլուզված էր փայտածածկ տանիքը: Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը ստանձնեցին նախկին դամալացի բարերարները: Սուրբ Խաչ եկեղեցին հիմնովին նորոգվեց և տարածքը բարեկարգվեց Հայաստանում, ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում բնակվող ծնունդով դամալացի բարեպաշտ հայերի նյութական աջակցությամբ և Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանի վերահսկողությամբ: 2008 թվականի մայիսի 1-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ, վերաօծվեց Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին: Վերաօծման հանդիսավոր կարգին հաջորդեց անդրանիկ Սբ Պատարագի արարողությունը, որը մատուցվեց Ախալցիխեի և Ասպինձայի շրջանների հոգևոր հովիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանի կողմից[13]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:
[2] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 495:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:
[4] «Մեղու Հայաստանի», 1873, № 15, էջ 2:
[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 109-ի շրջ.-110:
[6] «Էջմիածին», 2008, Ե, էջ 157:
[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:
[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 53 և շրջ.:
[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:
[11] «Մշակ», 1915, N 247, էջ 3:
[12] «Էջմիածին», տես նույն տեղում:
[13] «Էջմիածին», 2008, Ե, էջ 157-158: