ԲԱՐԱԼԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:
Բարալեթը Ջավախքի խառն ազգային կազմ ունեցող գյուղերից է եղել: Այստեղ կողք կողքի բնակվել են հայեր և վրացիներ: Այսպես` 1873 թվականի դրությամբ գյուղի 80 տների 2/3-ը հայեր էին, իսկ 1/3-ը՝ վրացիներ[1]: Մինչև հայկական եկեղեցու կառուցումը, հայերն ու վրացիները աղոթել են 13-րդ դարում վրաց Թամար թագուհու որդի Գեորգի-Լաշայի կառուցած եկեղեցում: Այսօր գյուղում գործում են հայկակաև Սուրբ Աստվածածին և վրացական Սուրբ Ստեփանոս եկեղեցիները: Երկար տարիներ Բարալեթը հանդիսացել է շրջակա 23 գյուղերի հովվական կենտրոնը: Գյուղը հարուստ է նաև պատմական հուշարձաններով: Նրա հյուսիսային բարձունքներում մինչ օրս էլ պահպանված են միջնադարում կառուցված հայկական եկեղեցու գերեզմանատան և պարսպի փլատակները:
Եկեղեցու կառուցում. Սկզբնապես փայտաշեն Բարալեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է դեռևս 1855 թվականին, գյուղի հայ բնակչության միջոցներով[2]: Ընդհանուր առմամբ եկեղեցին հայտնի է երկու անուններով` Սուրբ Խաչ և Սուրբ Աստվածածին: Սուրբ Խաչ անվամբ հիշատակվում է մինչև 1840-ական թվականները[3], որից հետո` Սուրբ Աստվածածին անվամբ: Իր հերթին Սուրբ Աստվածածին անվամբ հին եկեղեցու տեղում 1869 թվականին կառուցվել է համանուն նոր եկեղեցին[4]: Պահպանվել է նաև այդ փաստող շինարարական արձանագրությունը[5]: Եկեղեցու հարավային կողմում տարածվում է գերեզմանոցը: Պահպանված տապանաքարերից հնագույնները թվագրվում են 19-րդ դարի առաջին կեսով[6]:
Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է երկթեք սրահի տիպին: Արտաքին չափեսրն են 18,00x9,86 մ: Եկեղեցին շրջափակված է պարսպով[7]: Ճակատամասերը զարդանախշված չեն: Պատերի և տանիքի միջև տեղադրված են դեկորատիվ քիվեր: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն պատուհաններ: Արևմտյան պատին բացված է միակ քանդակազարդ մուտքը, որի վերևում հայերեն գրություն է արված: Տանիքը երկթեք է և երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած և ներկած են: Արևմտյան ճակտոնի գագաթին ութ սյուներով զանգակատունն է: Խորանը արևելյան մասում է` իր աջ և ձախ կողմերում կառուցված ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Առաստաղը երեսապատված է պլաստիկ մոդուլներով, իսկ ներսից կորաձև է[8]:
Ծխատեր քահանաներ. 1850-ական թվականներին եկեղեցում քահանայագործել է Կարապետ քահ. Տեր-Մարտիրոսյանը[9], 1860-ական թվականներին` Հակոբ քահ. Տեր-Կարապետյանը[10], 1870-80-ական թվականներին` Կարապետ քահ. Տեր-Կարապետյանը[11], 1900-ական թվականներին` Ենովք քահ. Սեֆերյանը[12]:
Դպրոց. 1860-1870-ական թվականներին գյուղում գործել է եկեղեցա-ծխական դպրոց, որը 1880-ական թվականներին պետական դպրոցի բացման պատճառով փակվել է: 1895 թվականին գյուղում բացվել է նաև գրադարան-ընթերցարան[13]:
Եկեղեցու վերականգնում և վերաօծում. 1930-ական թվականներին եկեղեցին փակվել և օգտագործվել է՝ իբրև հացահատիկի պահեստ: Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար և քայքայված վիճակը տարիներով հանգիստ չէր տալիս տեղի հայությանը: Ի վերջո, 2004 թվականին, բարալեթցիների նախաձեռնությամբ, Ռուսաստանում և Հայաստանում ապրող գյուղի նախկին բնակիչների նվիրատվությունների շնորհիվ, եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվեց, բարեկարգվեց և պարսպապատվեց:
2005 թվականի նոյեմբերի 20-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վագգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:
Սրբազան Հայրը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կանոնների համաձայն կատարեց վերաօծման կարգը, Օրհնության Գիր հանձնեց գլխավոր նվիրատուներին, որին հաջորդեց Սբ Պատարագի արարողությունը[14]:
Եկեղեցու բակում Պետրոսյան գերդաստանի կողմից տեղադրվել է Սուրբ Աստվածածնին նվիրված խաչքար: Տարածքում պահպանվում են նաև տարբեր ժամանակաշրջանների հայկական ծաղկած խաչով տապանաքարեր[15]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 102:
[2]«Էջմիածին», 2005, Ժ-ԺԱ, էջ 157:
[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:
[4]«Նոր-Դար», 1895, N 150, էջ 3:
[5]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 105:
[6]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 105-106:
[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:
[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:
Վիրահայոց թեմ:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 888, թ. 2:
[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 869, թ. 2:
[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 873, թ. 2; գ. 906, թ. 3:
[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 878, թ. 2:
[13] «Մուրճ», 1896, N 12, էջ 1642:
[14]«Էջմիածին», 2005, Ժ-ԺԱ, էջ 156:
[15]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:
Վիրահայոց թեմ: