Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ԽԱՉ ԳՅՈՒՂ -ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

1 xachgiughi - surb gevorgis eklesiaՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ:

Եկեղեցու հիմնադրումը. Խաչ գյուղը Ծալկայի շրջանի հայկական գյուղերից է, որի բնակիչները հիմնականում հարևան Աշխալայից են, սակայն հետագայում գյուղը համալրվել է նաև վերագաղթած հայ բնակիչներով:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը Խաչ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ հաղորդում են սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Թեմի եկեղեցիների տեղեկագրում այն հիշատակվում է որպես քարաշեն կառույց, ծխականների թիվը` 290[1]: Եկեղեցին սկզբում փայտածածկ էր, սակայն հետագայում ենթարկվել է վերանորոգումների և փայտածածկ տա­նիքը փոխվել է։ «Ճանապարհորդական հիշատակարանի» հաղորդած տվյալների համաձայն` գյուղում բացի Սուրբ Գևորգ քարաշեն փայտածածկ եկեղեցուց առկա է եղել նաև Սուրբ Կա­րապետ մատուռ ուխտատեղի (քարաշեն)[2], որը գտնվել է գյուղի հյուսիսային կողմի բարձրադիր մասում, որտեղ ամեն տարի՝ գարնան գալու հետ, տոնախմբվել է Սուրբ Կա­րապետ մատուռի ուխտի օրը[3]:

Ճարտարապետություն․ Սուրբ Գևորգ եկեղեցին բազիլիկ տիպի, խառը տուֆից կառուցված շինություն է։ Ընդհանուր չափսերն են 11,17x8,2 մ: Եկեղեցու մուտքն արևմուտքից է, որի վերին մասում կառուցված է եռահարկ մետաղյա պտտահողմով զանգակատունը: Ներքին տարածքը բաղկացած է մեկ նավից: Սուրբ Խորանը արևելյան մասում է: Հյուսիսային պատի մեջ կա աշտանակ: Մուտքի ձախ կողմում առկա է եկեղեցու վերանորոգման վերաբերյալ հայերեն մակագրություն. ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ | ՏԵՐ ԽՈՐԵՆԻ ՆԱԽՆԻՆԵՐԸ, | ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՑԻՆ ՆՐԱ | Ծիծեռնակ ԽՈՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ | ԲՈՒԼՈՒԴՅԱՆՆ | ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ | 2002 թ․[4]:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանի արխիվային վավերագրերի համաձայն` 1908 թվականին գյուղում բացվել է ծխական ուսումնարան: Երեսփոխան և հոգաբարձության 2 Tsalka Xach Gyugh Surb Gevorgանդամ է հիշատակվում Բագրատ Խաչատուրի Առաքյանցը[5]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաբացում. Սուրբ Գևորգ եկեղեցին ևս խորհրդային տարիներին ենթարկվել է բռնաճնշումների։ 1924 թվականին այն փակվել և վերածվել է պահեստի: Հետագայում՝ միայն 2002 թվականին, գյուղացիների ջանքերով եկեղեցին մաքրվում է տարիների աղբից ու անհարկի իրերից, ապա վերանորոգվում և բերվում է նախկին տեսքին՝ ծնունդով խաչգյուղացի ռուսաստանաբնակ Խորեն Բուլուդյանի հովանավորությամբ ու ֆինանսական աջակցությամբ:

2002 թվականի հոկտեմբերի 5-ին, Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգե­շնորհ Տ. Վազգեն վրդ. Միրզախանյանի օրհնությամբ, ձեռամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի և Տ. Սամվել քհն. Թորոսյանի, կատարվում է եկեղեցու դռնբացեքի արարողությունը: Հոկտեմբերի 6-ին բազմաթիվ հյուրերի ներկայությամբ կատարվում է եկեղեցու օրհնության կարգը և հանդիսությամբ բացվում են 1924 թվականից փակված եկեղեցու դռները: Արարողությանը հաջորդում է անդրանիկ Սբ Մկրտությունը: Հոգևոր արարողությունից հետո բարերարի կողմից տրվում է սիրո ճաշ՝ ուղեկցությամբ ժողովրդական երգ ու պարի[6]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[2]«Արձագանք», 1885, N 3,էջ40:

[3]«Էջմիածին», նույն տեղում:

[4]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[5]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 432, թ. 1 և շրջ.:

[6]«Էջմիածին», 2002,(Ժ), էջ127-128:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են