Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՄՈԼԻԹ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

1 borjomi-moliti-surb gevorgՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 27 կմ հյուսիս-արևելք գտնվող Մոլիթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին: Այդ մասին տեղեկություններ են հաղորդում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը: Եկեղեցին Սուրբ Գևորգ անվամբ հիշատակված է թեմի 1867 թվականի եկեղեցիների տեղեկագրում[1]: 1885 թվականի դրությամբ այն եղել է քարաշեն, փայտածածկ[2]:

Սուրբ Գևորգ եկեղեցին մեծապես տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի հայտնի երկրաշարժից[3]: Այն վերանորոգելու քայլեր են ձեռնարկվել 1903 թվականին[4]: 20-րդ դարի առաջին տասնամյակում եկեղեցու մայր գումարը կազմել է 17 ռ. 4 կ. արծաթով[5], ծխականների թիվը եղել է մոտ 368[6]:

Այժմ եկեղեցին կանգուն է:

Բացի Սուրբ Գևորգ եկեղեցուց, գյուղն ունեցել է նաև մեկ այլ եկեղեցի և միջնադարյան մատուռ: Առաջինս եղել է համակ սրբատաշ քարով կառուցված, թաղածածկ միանավ կառույց: Մատուռը գտնվել է գյուղի հյուսիսային բարձրադիր եզրին[7]:

Ճարտարապետությունը. Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից: Պատկանում է դահլիճային տիպին: Արտաքին չափսերն են 14.2×9.38մ: Հյուսիսային և հարավային պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Մուտքն արևմտյան կողմից է: Պատերը մասամբ ներկված են: Արևելյան կողմից` երկու աստիճան բարձրության վրա, խորանն է:

Քահանաները. Մոլիթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանաներից են եղել Ալեքսանդր քհն. Սիմոնյանցը[8], Գալուստ քհն. Տեր-Գալուստյանցը[9]: Քահանայագործել են 19-րդ դարի 60-70-ական թվականներին: Տվյալները վերցված են եկեղեցու չափաբերական մատյաններից:

Դպրոցը. Թեմի դպրոցների 1906 թվականի տեղեկագրում Մոլիթ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի մասին տեղեկություններ գրանցված չեն[10]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 12-ի շր.-13

[2]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 402:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3423, թթ. 1-3 և շրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 16, գ. 475, թ. 431-ի շրջ.-432:

[6]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 60:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4003, թ. 1-ի շրջ.-2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4015, թ. 2-ի շրջ.-3:

[10]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, նույն տեղում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են