ԱԼԱԹՈՒՄԱՆ - ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 –ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:
Ալաթուման գյուղի ներկայումս կանգունՍուրբ Երրորդություն եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ հիշատակություն կա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1839-1840-ական թվականների տեղեկագրում[1]: 20-րդ դարի առաջին տասնամյակում եկեղեցու ծխականների թիվը հասել է մոտ 684-ի[2]:
Վերանորոգություններ. 19-րդ դարի 50-ական թվականներին եկեղեցին վերանորոգության կարիք ուներ: Գյուղի հասարակության միջոցներով շինարարական աշխատանքներն իրականացվեցին 1856-1857-ական թվականներին.: Պահպանվել է նաև այդ մասին փաստող շինարարական արձանագրությունը. «ԱՐԴԵԱՄԲ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԳԼԽ(ԱՒՈՐ)Ք (Յ)ԱՆՈՒՆ Ս(ՈՒՐ)Բ ՅԵՐՐ(ՈՐԴՈՒԹ)Ե(ԱՆ) ԱԼ(Ա)Թ(Ո)ՒՄ(Ա)Ն ԳԵՂՋ. 1857 ՇԻՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ՅԵԿԵՂԵՑԻՍ»[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին եղել է քարաշեն[4]: 1899 թվականին եկեղեցու շենքը վնասվել է տուժել է երկրաշարժից:[5]
Ճարտարապետություն. Եկեղեցին քարաշեն է, փայտածածկ: Ծածկի երեք առագաստները երեսապատված են թիթեղով: Պատկանում է եռանավ սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 15.75x9,2 մ: Արևմտյան մուտքի վերևում վերնափեղկն է, իսկ ձախ կողմում կա հայերեն գրություն: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած, տեղ-տեղ երևում են որմնանկարներ: Որմնանկարներով զարդարված խորանը գտնվում է արևելյան մասում: Սրահի նավերը միմյանցից բաժանված են փայտյա սյուներով: Խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Առաստաղը երեսապատված է տախտակներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[6]: Մուտքը բացված է արևմտյան պատին: Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է զանգակատունը: Եկեղեցու հիմնական մասերը կառուցված են անմշակ քարից[7]:
Ծխատեր քահանաներ. Ալաթուման գյուղի եկեղեցու քահանաներից են եղել Գրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը[8], Բարսեղ քհն. Տեր-Նիկողոսյանը[9] (քահանայագործել են 19-րդ դարի 60-70-ական թվականներին):
Դպրոց. Եկեղեցուն կից ծխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից[10]: 1868-1869-ական թվականներին դպրոցում սովորողների թիվը հասել է 30-ի: Այն հիմնականում գործել է տեղի բնակիչների տրամադրած միջոցների հաշվին[11]:
Եկեղեցու վերաօծում. Չնայած եկեղեցին կանգուն էր, սակայն ինչպես շատ ու շատ հայկական եկեղեցիներ, խորհրդային տարիներին այն ևս փակվում և հայտնվում է անմխիթար վիճակում: Եկեղեցու վերանորոգությունը և տարածքի բարեկարգումը նախաձեռնվում և իրականացվում է ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ի հիշատակ բարերարի հոր` եկեղեցու բակում կանգնեցվում է Խաչքար:
2013 թվականի նոյեմբերին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, վերաօծվեց Սուրբ Երրորդություն Եկեղեցին: Եկեղեցու վերաօծման կարգից հետո մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ[12]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 457, թ. 52:
[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795(մաս3), թթ. 243 շրջ.-244:
[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 45:
[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:
[5]Ս. Կարապետյան, նույն տեղում:
[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:
[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 34, թ. 2:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ.17:
[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:
[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55 շրջ.-56:
[12]Վիրահայոց թեմի մամլո դիվան: