Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՂԶԼՔԻԼԻՍԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

2 tsalka-yizilqilisa-surb astvatsatsin-ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ղզլքիլիսա գյուղը Ծալկայի շրջանի հայկական գյուղերից է, որը գտնվում է շրջկենտրոնից 27 կմ հեռավորության վրա: Գյուղի անունը թուրքերենից թարգմանվում է Կարմրավանք[1]: Ղզլքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 30-40-ական թվականներից: Մասնավորապես, դրանց համաձայն` նշված ժամանակահատվածում եկեղեցու ծխականների թիվը եղել է 296[2]: Քահանա է հիշատակվում Կյուրեղ Հարությունյանը, դպիրներ` Վահան Վարդանյանը, Դինկիանոս Թորոսյանը, Սարգիս Ռաֆայելյանը և Միքայել Բաղդասարյանը[3]: 1837-1840 թվականների թեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների ցուցակում առկա է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ունեցել է զանազան եկեղեցական իրեր[4]:

1860-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է` որպես փայտաշեն կառույց[5], իսկ 1880-ական թվականներին` քարաշեն, թաղածածկ, ներքուստ սպիտակ սվաղած[6]:

Ճարտարապետություն․ Սուրբ Աստվածածին եկեղեցին տուֆից, բազիլիկ տիպի, երկարավուն առանցքի վրա կառուցված ուղղանկյուն շենք է: Ընդհանուր չափսերն են 16,84x10 մ: Շենքի ներքին տարածքը բաժանված է կամարաձև բևեռների: Մուտքը հարավից է, որի վերևի մասում ագուցված է ճաճանչաձև խաչ՝ թվագրված 1874 թվականով: Մուտքի մոտ կառուցված է երկհարկանի զանգակատունը: Արևելյան կողմում մկրտության ավազանն է, որի երիզված կամարի վերևի հատվածում առկա է հայերեն մակագրություն Սբ․ Ավազանը ի հիշատակ ծնողների կառուցող բարերարի մասին․ ՅԻՇԱՏԱԿ Է ԱՎԱԶԱՆՍ | 'Ի ԴՈՒՌՆ ՂԶԼԱԿԱՆԼԻՍՈՒ | ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԳԷՈՐԳԱՅ ՏԷՐ ԱԲՐԱՄԵԱՆ ՏԷՐ ՊՕՂՕՍԵԱՆՑԻ ԵՒ ԾՆՈՂԱՑՆ ԻՒՐՈՑ Ի-Ն ՆՈՅԵՄԲՐԻ 1876 ԱՄԻ[7]:

Ծխատեր քահանաներ. Ղզլքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից է եղել Հովհաննես քհն. Տեր-Խաչատրյանը[8]: Քահանայագործել է 1 Tsalka Yizilqilisa Surb Astvatsatsin1860-1880-ական թվականներին:

Դպրոց. Ախալքալաքի և Ծալկայի գործակալության 1906 թվականի տեղեկագրի համաձայն, ինչպես Ծալկայի վիճակի մյուս գյուղերը, այնպես էլ Ղզլքիլիսան տվյալ պահին դեռևս դպրոց չի ունեցել[9]: 1907-1908 թվականներից սկսած գյուղերի բնակիչների նախաձեռնությամբ և թեմական իշխանությունների օժանդակությամբ քայլեր են ձեռնարկվել եկեղեցա-ծխական դպրոցներ բացելու ուղղությամբ:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. 2001 թվականի դեկտեմբերի 1-ին, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին, Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Գևորգ արքեպս. Սերայդարյանի ձեռամբ, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ վերաօծվում է Արամյան ընտանիքի բարերարությամբ վերակառուցված Ղզլքիլիսա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին։ Մյուռոնով օծվում են եկեղեցու չորս անկյունները, սյուները, Սբ Սեղանը, Խորանը և մկրտության ավազանը: Օծման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի կողմից սրբագործված տաճարում մատուցվում է անդրանիկ Սբ Պատարագ, որից հետո եկեղեցում կատարվում է անդրանիկ Սբ Մկրտությունը, այնուհետև կատարվում մատաղօրհնություն և տրվում սիրո ճաշ՝ տոնախմբությամբ ազգային երգ ու պարի[10]։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ա. Խ. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 372։

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 3800, թ.4-ի շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 55 և շրջ.:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2589, թ. 124:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[6] «Արձագանք», 1885, N 3, էջ 40:

[7] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3650, թ. 2; գ. 3655, թ. 2, գ. 3681, թ. 3:

[9] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 61:

[10] «Էջմիածին», 2001, ԺԲ, էջ 126:

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են