Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻ

Tbilisi meidani surb gevorgՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1251Թ.

ՀԱՍՑԵ՝ Ք. ԹԲԻԼԻՍԻ, ՍԱՄՂԵԲՐՈ ՓՈՂ. 5

Մեյդանի Սուրբ Գևորգը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է[1], որը տևական ժամանակ քաղաքի հայ համայնքի գլխավոր եկեղեցին է եղել և այժմ էլ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է։ Միջնադարյան սկզբնաղ­բյուրներում կոչվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Գևորգ Զորավար: Ավելի ուշ, տեղագրական դիրքը՝ հայտնի հրապարակի վրա գտնվելու հանգամանքը նկատի ունենալով, անվանվել է Մեյդանի Սուրբ Գևորգ կամ Բերդի Մեծ եկեղեցի[2]։

Եկեղեցու հիմնադրման տարեթիվ է հիշատակվում 631 թվականը[3], սակայն առկա է նաև 1251 թվականին հիմնադրված լինելու վարկածը[4]: 13-րդ դարում կառուցված լինելու վարկածը հետազոտողները շրջանառության մեջ են դրել եկեղեցու պատին նախկինում գոյություն ունեցած, սակայն այժմ չպահպանված շինարարական արձանագրության և Հովհաննես Երզնկացու հաղորդած տվյալների հիման վրա: Համաձայն դրանց այն կառուցել է իշխան Ումեկը[5] 1251 թվականին:

Պրոֆ. Լ. Մելիքսեթ-բեկը նկատի ունի նաև այն փաստը, որ 1284 թվականին հայտնի բանաստեղծ, փիլիսոփա, վարդապետ Հովհաննես Երզնկացին (Պլուզը) իր հայտնի ճառը «Յաղագս երկնային շարժմանց» արտասանել է հենց Սուրբ Գևորգ եկեղեցում և մեծ հավանություն գտել իշխան Ումեկի կրտսեր որդու՝ Վախթանգի կողմից, նրա առաջարկով էլ գրի է առել այդ ճառը, որի առաջաբանում Երզնկացին ասում է. «Ի թվին ՉԼԳ պատահեաց գալ ի կողմանս աստուածապահ թագաւորութեանս աշխարհիս վրաց, ի հռչակաւոր և ի մեծ ի մայրաքաղաքն ի Տփխիս, Փայտակարան կոչեցեալ ի գիրս պատմողաց: Եւ հանդիպեցաւ խօսել մեզ բանս քարոզութեան ի դուռն եկեղեցւոյն մեծապատիւ և խոհեմամիտ և մեծ իշխան հայոց՝ պարոն Քարիմատինին: Զոր շինեալ էր աստուածասէր և բարի հոգի հայր նորա պարոն Ումեկն»:

Պարզ է, որ մեր գիտնականները հիմք ունեն հենվելու հեղինակավոր Երզնկացու ասածի վրա, քանի որ Երզնկացին ինքը ժամանակակիցն է եղել իշխան Ումեկի ժառանգների, որոնք և ճիշտ տեղեկություններ կարող էին տալ եկեղեցու «շինության» մասին:

Ըստ էության եկեղեցու հիմնադրման տարեթիվը տատանվում է 7-13-րդ դարերի սահմաններում:Tbilisi meidani surb gevorg 1

Ճարտարապետություն. Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպին, որը տարածված էր Հայաստանում 7-րդ դարից (Զովունի, Պտղնի, Արուճ), որտեղ գմբեթը բարձրանում է կենտրոնական չորս հզոր որմնամույթերի վրա։

Մեյդանի Սուրբ Գևորգ եկեղեցին ամբողջովին աղյուսաշեն է, սակայն նրա հիմքը և պատերի առաջին շարքը խոշորաբեկոր սրբատաշ քարերով են շարված։ Եկեղեցու ներսում՝ ավագ խորանի երկու կողմերում, կրկնահարկ զույգ ավանդատներն են, որոնց վերնահարկերի մուտքերը բացվում են խորանի միջից։ Կառույցն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից[6]։

Որմնանկարներ. Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնահատուկ է իր որմնանկարներով, որոնցից ամենահները պատկանում են 14-15-րդ դարերին: Տաճարի պատերը նկարազարդված են Հին կտակարանի պատմություններով, որոնք պատկանում են Հովնաթանյան նկարիչների տոհմին: Ավելի ուշ շրջանի որմնանկարները Tbilisi meidani surb gevorg 2նկարել է 20-րդ դարի սկզբի նշանավոր հայ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

Որմնանկարների և իկոնոստասի (պատկերակալ) վերականգնմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գևորգ եկեղեցու 2013-2015 թվականների հիմնանորոգության ժամանակ[7]:

Գրչություն. Հայկական միջնադարյան վանքերը և մի շարք հայտնի եկեղեցիներ ունեցել են կից գործող գրչատներ։ Այդպիսին է եղել նաև Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցին, որի մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել ձեռագիր հիշատակարաններում։ Ս. Գևորգ եկեղեցու գրչատնից հայտնի առաջին ձեռագիրը 14-րդ դարի մի Ավետարան է (Վենետիկ, Մխիթարյանների մատենադարան, ձեռ. 109)[8]։

Եկեղեցու մոտ կատարված թաղումներ. Սուրբ Գևորգ եկեղեցին նշանավոր է նաև նրանով, որ տարբեր ժամանակներում նրա մոտ թաղվել են մի շարք նշանավոր հայ հասարակական ու քաղաքական գործիչներ։ Սակայն այժմ միջնադարյան թաղումների հետքերը չեն պահպանվել։

Նոր շրջանում այստեղ հուղարկավորված անձանցից ամենանշանավորը ոչ միայն հայ, այլև վրաց հասարակության մեջ մեծապես գնահատված, երեք լեզվով (հայերեն, վրացերեն, պարսկերեն ստեղծագործող նշանավոր աշուղ-բանաստեղծ, Հերակլ թագավորի արքունական երգիչ Սայաթ-Նովան է (1722-1795)։ Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին ամփոփված է մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի[9] աճյունը: Թբիլիսիի հայկական նախկին Վանքի Մայր տաճարի գավթից (ավերվել է 1930-ական­ թվականների վերջերին) Սուրբ Գևորգ եկեղեցուTbilisi meidani surb gevorg 3 բակ են տեղափոխվել և վերաթաղվել ռուսական բանակի նշանավոր հայ զորավարներ կոմս Միքայել Լորիս-Մելիքովի (1824-1888), Հովհաննես (Իվան) Լազարևի (1820-1879), Արշակ Տեր-Ղուկասովի (1819-1881) և Բեհբութ Շելկովնիկովի (1837-1878) մասունքները: Այստեղ կատարվել են նաև ազնվական ծագմամբ կամ հոգևոր-մշակութային վաստակ ունեցող այլ անձանց թաղումներ։

Վերջին շրջանում եկեղեցու բակում է թաղվել Վիրահայոց թեմի 1972-2002–ական թվականների առաջնորդ Գևորգ արքե­պիս­կոպոս Սերայդարյանը։

Հիմնանորոգություն. Թբիլիսիի Սուրբ Գևորգը, որը ոչ միայն Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, այլև այս քաղաքում հայ ժողովրդի դարավոր ներկայության խոսուն վկան, 21-րդ դար է հասել բազում փորձությունների միջով։ Տարիների ընթացքում շինությունը զգալիորեն վնասվել է, հյուսիսային և հարավային Tbilisi meidani surb gevorg 4պատերին՝ վերից վար իջնող ճաքերով, քայքայված տանիքով և այլն։

2012-2015–ական թվականներին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հիմնադրամ, որին իրենց մասնակցությունը բերեցին մի խումբ բարերարներ։ Հիմնադրամի միջոցներով իրականացվեց Եկեղեցու նորոգումն ու նրա որմնանկարների վերականգնումը:

Նախ ուսումնասիրվել են եկեղեցու որմնանկարները` Հայաստանի որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի (ղեկավար՝ Արժանիկ Հովհաննիսյան) և իտալացի վերականգնող պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոբինիի կողմից: Բուն շինարարական աշխատանքն իրականացվել է վրացական մասնագիտացված կազմակերպության կողմից (ՓԲԸ Մղվիմե): Շինարարական աշխատանքներին զուգահեռ կատարվել է որմնանկարների մեծածավալ վերականգնում, որի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ նոր պատկերներ: Նորոգվել է նաև պատկերակալը (իկոնոստաս): Այս որմնանկարի առանձնահատկություններից մեկն այն է, որ 17-րդ դարից սկսած այն մի քանի անգամ վերանկարվել է, երբեմն ծածկվել սվաղի նոր շերտերով[10]: Որմնապատկերների մաքրման արդյունքում բացվեցին մի շարք նկարներ, որոնք մինչ այդ անհայտ էին. Հայր Աստված, տասներկու առաքյալները, Չարչարանաց պատկերագոտին, չորս ավետարանիչները, որոնք գմբեթատակի հատվածում են[11]:

Այդպիսով, հնարավոր դարձավ առավել ամբողջական և հստակ ընկալել եկեղեցու ներքին հարդարման ընդհանուր համակարգը:

Վերաօծում. Եկեղեցին հիմնանորոգվել է 2013-2015-ական թվականներին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ուրիշների աջակցությամբ[12]:

2015 թվականի հոկտեմբեր 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմա մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ш.Амиранашвили,Древности Тифлиса, Тифлис и его окрестности. Путеводитель, Тифлис, 1925, с. 185-186;Լ. Մելիքսեթ-Բեկ, ՀինԹ֊բիլիսիիեւհայ-վրացականկ ու լտուրական կապերի պատմու­թյունից, «Պատմա-բանասիրական հանդես», 1958, N 3, էջ 155-156; М. Асратян, Памятники средневековой армянской архитектуры в Тбилиси, Ереван, 1978, с. 353-395 (Հայարվեստիննվիրվածմիջազգայիներկրորդսիմպոզիումիզեկուցումներիժողովածու, հ. 2, Երևան, 1978); Պ. Մուրադյան, ՀինԹիֆլիսիՀայոցեկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 35-38, 157-172, 259-285։

[2]Կ. Մաթևոսյան, SURB GEVORG CATHEDRAL, Որմնանկարներ, Фрески ფრესკები, The frescoes, Երևան, 2015:

[3]Տե´սԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, աշխատասի­րութեամբ հայր Ղուկաս վրդ. Ինճիճեան, մասնԱ, Վենետիկ, 1806, էջ 277; Ալ.Երիցեան, Թիֆլիսի հայք և նոցա վիճակագրութիւնը;Ս. Ավչյան, Թբիլիսիի Մեյդանի Սուրբ Գևորգ Կաթողիկե Սուրբ Աստվածածին կամ Բերդի Մեծ եկեղեցին, «Էջմիածին», 1959, Բ, էջ 47-50:

[4]Տե´ս«Կովկասյան Պատմա-հնագիտական ինստիտուտի տեղեկագիր» 1925 թ., էջ 58-59:

[5]Ըստ Կիրակոս Գանձակեցու Ումեկ իշխանը («Մեծատուն վաճառական Ումեկը») 1242 թվականին

գաղթել է Կարինից Թիֆլիս և վրաց արքունիքում հասել ազդեցիկ դիրքի:

[6]Կ. Մաթևոսյան, նշված հրատարակություն, Երևան, 2015:

[7]Տե´ս Կ. Մաթևոսյան, նշված հրատարակություն, Երևան, 2015:

[8]Տե´ս նույն տեղում:

[9]Տե´ս նույն տեղում (Գևորգ Բաշինջաղյանը 1922-1923 թվականներին Ս.Գևորգ եկեղեցում աշխատել է

որպես նկարիչ:Եկեղեցու ներսի պատերի վրա, խորանների գլխներին և նրանց հանդիպակաց

պատերին, մեծանունարվեստագետը նկարել է չորս մեծադիր նկար. 1)«Հիսուսը Գեթսեմանի

այգում», 2)«Հուդայի զղջումը»,3)«Հիսուսը ու նավավարները», 4)«Հասկաքաղ»):

[10]Տե´ս Կ. Մաթևոսյան, նշված հրատարակություն, Երևան, 2015:

[12]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են